Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահն անդրադարձել էր Ներկայացուցիչների պալատի ընդունած Ցեղասպանության ճանաչմանը նվիրված 296-րդ բանաձևին, որը, ըստ Էրդողանի, «խորապես վիրավորել էր թուրք ազգին»: Նա հավաստիացրել էր, որ այս բանաձևը կարող է լուրջ ստվեր գցել երկու երկրների հարաբերությունների վրա:
Թրամփի և Էրդողանի հանդիպմանը մասնակցել էին մի քանի օրենսդիրներ, այդ թվում՝ սենատոր Լինդսի Գրահամը, որը և Սենատում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված 150-րդ բանաձևի նկատմամբ վետո էր կիրառել, որի հետևանքով բանաձևը չէր մտել Սենատի օրակարգ։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, ուսումնասիրելով Գրահամի ֆինանսավորման աղբյուրներն ու կապը լոբբիստների հետ, 1lurer.am-ի հետ զրույցում առանձնացրել է մի քանի կարևոր գործարք։
Դեռ 2016 թ․ Գրահամին ակտիվ ֆինանսավորել է Էրդողանի հորեղբոր որդին՝ Մութլու Հալիլը (Mutlu Halil), որը թուրք լոբբիստ է՝ Turken Foundation-ի նախագահը, իսկ այժմ Turkish American Steering Committee-ի (TASC) համանախագահն է։ 2014 թ․ նա հանդիպել էր այն ժամանակ դեռ Ինդիանայի նահանգապետ, ներկայումս՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Պատահական չէ, որ Ինդիանա նահանգից էին 296 բանաձևին դեմ քվեարկած կոնգրեսականներից 4-ը:
Ս.Սարգսյանի դիտարկմամբ՝ Լինդսի Գրահամին գումարներ փոխանցել է ոչ միայն Մութլու Հալիլը, այլ նաև իր կինը՝ Մութլու Լին (Mutlu Lynn): Ընդհանուր առմամբ, նրանց կողմից փոխանցվել է 10 800 դոլար: Ավելին, հենց Մութլու Հալիլի կողմից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին 1500 դոլար ֆինանսավորում է տրվել 296-ին ձեռնպահ քվեարկած երեք թեկնածուներից մեկին՝ Իլհան Օմարին։
Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը պարզել է, որ 2016-ին սենատոր Լինդսի Գարահամը ֆինանսավորվել է նաև թուրք գործարար Մուրատ Գուզելի (Murat Guzel) կողմից, որը գումար է փոխանցել ոչ միայն անձամբ իր անունից, այլև իր ընտանիքի անդամների՝ 18․900 դոլար: Այս նույն գործարարն իրեն պատկանող ընկերության կողմից առավել վաղ ֆինանսավորել էր այլ թեկնածուների։ Մուրատ Գուզելը 2014-2015 թթ․ եղել է MUSIAD-ի հիմնադիր նախագահը, որն աջակցել է Turkish American Steering Committee-ին (TASC) պայքարելու Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ։ Այժմ Մուրատ Գուզելը TASC-ի խորհրդի հիմնադիր անդամ է։ TASC-ը և MUSIAD-ն ԱՄՆ-ում հիմնադրված թուրքական կառույցներ են, որոնք զբաղված են հակահայկական և հակաքրդական լոբբինգով։ 2016 թ․ Թուրքիայի նախագահը խոստացել էր անձամբ աջակցել այս կառույցներին։
«Սենատում Հայոց Ցեղասպանության բանաձևի վրա վետո դրած սենատոր Լինդսի Գրահամին ակտիվ ֆինանսավորող Մուրատ Գուզելն ԱՄՆ-ում իր գործունեության մասին զեկուցում է ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին, ով նախկինում եղել է Թուրքիայի Էներգետիկայի նախարարը, իսկ այժմ զբաղեցնում է Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, այլև Էրդողանի որդի Բիլար Էրդողանին և Էրդողանի մամլո խոսնակ Իբրահին Կալինին»,-հայտնում միջազգայնագետը։
2019 թ․ Լինդսի Գրահամը ստացել է 5000 դոլար նաև Turkish Coalition Northeast Political Action Committee-ի կողմից։ Լինդսի Գրահամի հետ ակտիվ կապի մեջ են նաև Greenberg Traurig LLC լոբբիստական ընկերության ընկերության ներկայացուցիչները։ Վերջինիս արդեն մի քանի տարի է, ինչ վարձել է Թուրքիան, որն էլ իր հերթին 2019թ․ վարձել է 3 այլ կազմակերպություններ Թուրքիայի կառավարության անունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1․538,000 դոլար։
Greenberg Traurig-ն ակտիվորեն կապ է պահպանում մի խումբ կոնգրեսականների, մասնավորապես, Լինդսի Գրահամի հետ։ Միայն 2019 թ․ Greenberg Traurig LLC ընկերության ներկայացուցիչները մի քանի անգամ էլեկտրոնային նամակներ են ուղղել Գրահամին և երկու հանդիպում ունեցել վերջինիս հետ, որի թեման, ըստ պաշտոնական տվյալների, եղել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։
Միջազգայնագետը կարծում է, որ չնայած կիրառված վետոյին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի:
Գրահամը վերացնում է իր վետոն: Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը:
Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցեն բանաձևին: Այս դեպքում նրա վրա փաստացի ճնշում կլինի իր գործընկերների կողմից:
Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մքքոնելը շրջանցի վետոն և բանաձևը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր filibuster իրականացնելու իրավունքից, այսինքն՝ ձգձգել քվեարկությունը, քննարկումներ և լսումներ կազմակերպել և այլն: