Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը մասնակցել է «Մարտահրավերներ և բարեփոխումներ. Մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովին: Վերջինի ընթացքում ամփոփվել են «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի արդյունքները:
Փոխնախարարն արդարադատության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականություն դարձնելու համար, կարևորել լրագրողների դերն ու նշանակությունը փակ հիմնարկներում առկա խնդիրների վերհանման հարցում և շեշտել, որ լրագրողների, դիտորդների խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացված խնդիրները նախարարության ուշադրության կենտրոնում են: Այդ համատեքստում Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծումներն ամփոփված են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագծում: «Այսօր մենք հնարավորություն ունենք լուծելու տարիներ շարունակ արմատացած, քարացած խնդիրները, որոնք առկա են քրեակատարողական հիմնարկներում. կառուցելու ենք նոր ՔԿՀ-ներ, ապահովելու ենք պատժի կրման արժանապատիվ պայմաններ, իրականացնելու ենք վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ, բարձրացնելու ենք դատապարտյալ և կալանավորված անձանց տրամադրվող բժշկական սպասարկման որակը: Այսինքն՝ մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնելու ՔԿՀ-ներում պահվող անձանց մասնագիտական պատրաստումը, այնուհետև՝ աշխատանքով ապահովումը»,- ասել է նախարարի տեղակալն ու կոչ արել գործընկեր հասարակական կազմակերպություններին հանդես գալ համապատասխան առաջարկներով ու ծրագրերով:
Համաժողովի շրջանակում նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ու ներկայացրել ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Այնուհետև, ծրագրի շրջանակում իրականացվող մեդիամրցույթի ընթացքում արդարադատության նախարարի շնորհակալագրով է պարգևատրվել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ Forrights.am կայքի թղթակից Ռաֆիկ Ենգիբարյանը՝ բաց ռեժիմում պահվող դատապարտյալների կյանքին ու խնդիրներին անդրադառնալու համար: