Reuters գործակալությունը ներկայացրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի հայտարարությունը, որում նա նշում է, որ Իրանը հրեաների ոչնչացման կոչ չի անում, պարզապես ցանկանում է ոչ աղանդավոր Իսրայել և համոզված է, որ բոլոր կրոնների մարդիկ պետք է որոշեն Իսրայելի ապագան: 1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը հրաժարվում է ճանաչել Իսրայելը և աջակցում է պաղեստինյան զինյալ խմբավորումներին: Իսրայելը Թեհրանին համարում է իր հիմնական թշնամին Մերձավոր Արևելքում: Թեհրանում անցկացվող իսլամական համաժողովում Խամենեին ասել է. «Իսրայել պետության վերացման կոչը չի նշանակում հրեա ժողովրդի վերացում: Դա նշանակում է, որ Պաղեստինի ժողովուրդը` լինի մահմեդական, քրիստոնյա կամ հրեա, պետք է ընտրի իր սեփական կառավարությունը»: