Վրաստանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է: BBC-ն տեղեկացնում է, որ հանրապետությունում վերսկսվել են երկրում ընդդիմության կազմակերպած զանգվածային հակակառավարական ցույցերը: Նախորդ օրը Վրաստանի խորհրդարանը չաջակցեց սահմանադրական փոփոխությունների գաղափարին, որն առաջարկում էր 2020-ին խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով և զրոյական ընտրական շեմ: Այս փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր ստանալ 150 պատգամավորից 113-ի աջակցությունը: Սահմանադրական փոփոխությունների նախագծին կողմ քվեարկեց միայն 101 պատգամավոր, դեմ՝ 3-ը: Այսպիսով, օրինագծին պակասում էր 12 ձայն:
Սա էլ հարուցեց ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքը: Բողոքի ակցիաների անցկացման վայրը դարձյալ նույնն է` Ռուսթավելու պողոտա, խորհրդարանի շենքի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հատուկ ուժեր են ժամանել օրենսդիր մարմինը պաշտպանելու համար, չնայած իշխանությունները նշում են «պլանավորված ստուգայցի» մասին: Բողոքի ցույցին մասնակցում են գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները՝ պահանջելով ժամանակավոր կառավարության ձևավորում և համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացում:
Նինո Բուրջանաձե, «Ժողովրդավարական շարժում - Միացյալ Վրաստան» կուսակցության ղեկավար. «Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ, որովհետև պետք է լուրջ խնդիր լուծենք՝ անցկացնել նորմալ ընտրություններ մեր ժողովրդի, երկրի զարգացման համար: Շատ ցավալի է, որ կառավարությունը նորից թույլ տվեց այսպիսի մեծ սխալ, մարդիկ կրկին եկել են Ռուսթավելու պողոտա, ընդդիմադիր բոլոր կուսակցությունները դեմ են «Վրացական երազանքին»:
Քվեարկությունից հետո իշխող կուսակցության մի քանի պատգամավոր որոշել են լքել խորհրդարանական մեծամասնությունը: «Այս հարցը ինձ համար կարևոր է, և արդյունքն անթույլատրելի»,- ասել է պատգամավոր և Եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թամար Խուլորդավան: Միավորված ընդդիմության պահանջը ողջունել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և հայտարարել Է, որ հույսով Է նայում ապագային: Թբիլիսիում ցուցարարներն ամբողջ գիշեր անցկացրել են վրանների մեջ, որոնք տեղադրված էին խորհրդարանի շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները ստեղծված վիճակի համար մեղադրում են իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և պահանջում են ժամանակավոր տեխնիկական կառավարություն ձևավորել ու համամասնական ընտրակարգով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընդդիմությունը հայտարարել է, թե չի հավատում Բիձինա Իվանիշվիլիի վստահեցումներին, թե ինքը եղել և մնում է 2020-ին համամասնական ընտրություններին անցկացնելու կողմնակից: Նրանք համոզված են, որ Իվանիշվիլին և իր թիմը ձեռնարկեցին ժողովրդավարությունը ոչնչացնող հաջորդ և շատ մեծ քայլը: Նրանք վիրավորեցին ամբողջ հասարակությանը: