Մինսկը գոհ չէ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանների համատեղ պաշտպանության մասին համաձայնագրից: Բելառուսը նախաձեռնում է փոփոխություններ կատարել պայմանագրում, որը կնքվել է 1995 թվականին: Այս մասին հինգշաբթի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ավարտից հետո հայտարարել է հանրապետության անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը:
«Այս պայմանագրի մի շարք դրույթներ, իհարկե, կորցրել են իրենց արդիականությունը: Շատ ժամանակ է անցել, իրավիճակ է փոխվել»,- մեջբերում է ԲելՏԱ պետական գործակալությունը: Բելառուսը մտադիր չէ դուրս գալ սահմանների պաշտպանության պայմանագրից: Սակայն, ելնելով ստեղծված իրավիճակից, նա առաջարկում է վերանայել գոյություն ունեցող փաստաթուղթը: Զասը շեշտել է, որ համատեղ սահմանի բացումը Բելառուսի համար և՛ դրական էր, և՛ բացասական:
Վերջինը կապված է Ռուսաստանից անօրինական միգրանտների հոսքի հետ, որոնք, օգտվելով սահմանի թափանցիկությունից, փորձում են ներթափանցել հանրապետության տարածք: Արդյունքում ստիպված են լինում ջանքեր գործադրել նրանց կալանքի, հետագայում նաև՝ արտաքսման համար:
Բացի այդ, անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է բելառուսական սահմանով թմրանյութերի մաքսանենգության մասին, որի հիմնական հոսքը Ռուսաստանից է: Մինսկի դժգոհության մյուս պատճառը ռուս սահմանապահների գործողություններն են, որոնք միակողմանիորեն լրացուցիչ ստուգումներ են անցկացնում ռուս-բելառուսական սահմանին: Դրա հետևանքով կիլոմետրանոց հերթեր են գոյանում, և Բելառուսը կորցնում է տարանցիկ երկրի գրավչությունը:
Չնայած այս ամենին, Ստանիսլավ Զասը հայտնել է, որ Բելառուսը մտադիր չէ դուրս գալ սահմանների պաշտպանության պայմանագրից: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նա առաջարկում է վերանայել գոյություն ունեցող փաստաթուղթը: