«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը, Լենա Նազարյանն ու Վարազդատ Կարապետյանը Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծ են շրջանառում։ Դրանով նախատեսվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը՝ մինչ լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման ոլորտի ռազմավարության, դրանից բխող օրենսդրական փոփոխությունների ու ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։
Ըստ նախագծի՝ սա չի կարող վերաբերել մինչ նախագծի ընդունումը արդեն իսկ ստացված ընդերքօգտագործման իրավունքների վրա։ Պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ նշել են, որ «գործող օրենսգիրքը չի նպաստում ընդերքօգտագործման ոլորտի իրավական կարգավորման կատարելագործմանը, այդ ոլորտում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման և ոլորտում կանխատեսելիության ապահովմանը», իսկ ներկա կարգավորումները բարենպաստ պայմաններ են ստեղծում ոլորտում կոռուպցիայի առկայության համար։
Պատգամավորները նշել են նաև, որ ընդերքօգտագործման ռազմավարության բացակայության ու ներկա օրենսգրքի պայմաններում տրամադրվում են նոր թույլտվություններ, որոնք առաջացնում են նոր էկոլոգիական, իրավական, տնտեսական խնդիրներ, իսկ նոր թույլտվությունների արգելքի տեսքով մորատորիումը թույլ կտա ավելի հանգիստ պայմաններում սկսել ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Պատգամավորները, բացի այս, մտադիր են նաև նոր մեխանիզմներ ներդնել ընդերքօգտագործման թույլտվությունը դադարեցնելու հարցում։