ԱՄՆ-ը նախազգուշացրել է Կահիրեին, որ պատժամիջոցներկ կիրառի Եգիպտոսի նկատմամբ՝ Ռուսաստանից Սու -35 կործանիչներ գնելու դեպքում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության անանուն ներկայացուցչին: Եգիպտոսի պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարար Մուհամմադ Զակիին նման նախազգուշացումով նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և պաշտպանության նախարար Մարկ Էսփերը: Նամակում ասվում է, որ Ռուսաստանի հետ խոշոր ռազմական գործարքները «կխոչընդոտեն» Եգիպտոսի և Միացյալ Նահանգների միջև նմանատիպ գործարքները, ինչպես նաև երկու երկրների համագործակցությունը անվտանգության ոլորտում:
Պետքարտուղարությունը պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանել WSJ զեկույցը, բայց հիշեցրել է, որ ԱՄՆ-ը դաշնակիցներին և գործընկերներին կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի հետ հետախուզական կամ պաշտպանական գործարքներից, որոնք կարող են հանգեցնել պատժամիջոցների, գրում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Սպիտակ տունը Թուրքիային էր պատժամիջոցներով սպառնում Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր (SAM) գնելու համար: Սակայն Անկարան անտեսեց սպառնալիքները: Ըստ The Washington Post-ի, սպառնալիքների և պատժամիջոցների փոխարեն, Թրամփը, ամենայն հավանականությամբ, մտադիր է Էրդողանին առաջարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռազմական համագործակցությունից հրաժարվելու և ամերիկա-թուրքական հարաբերությունների բարելավմանը խթանող փաթեթ՝ 100 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն: