«Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցադրությունը երկարաձգվել է` հաշվի առնելով հանրային պահանջարկը: Մերիդյան էքսպո-կենտրոնում նոյեմբերի 1-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ՝ նախապես պլանավորված նոյեմբերի 11-ի փոխարեն:
Մերիդյան էքսպո-կենտրոնում Մարտիրոս Սարյանի արվեստին նվիրված վարպետության դաս է կազմակերպվել, որին ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված շուրջ 800 աշխատանքներին, որոնք արտացոլում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի 21 երկրի 16-18 տարեկան պատանի ստեղծագործողների սարյանական գույների ընկալումները:
«Համահայկական մրցույթ փառատոնը շատ լավ հնարավորություն է` տարբեր երկրներում ապրող հայ երեխաներին արվեստի միջոցով Հայաստանի հետ կապելու, մեր տաղանդներին հայրենիք բերելու համար: Շատ լավ է, որ տարբեր երկրների ներգրավվածությունը մեծ է, բայց պետք է մտածենք մասնակից երկրների աշխարհագրությունն ընդլայնելու մասին` կազմակերպչական աշխատանքներում ներգրավելով նաև արտաքին գործերի նախարարությանը և սփյուռքի հանձնակատար գրասենյակին»,- նշել է նախարարը:
Սարյանին նվիրված վարպետության դասը վարել են Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ ստորաբաժանման գեղարվեստական ղեկավար Սոնա Բանոյանը և դասավանդող-նկարիչ Գայանե Վարդանյանը: Դասին մասնակցել են Երևանի հանրակրթական և հատուկ դպրոցների, ինչպես նաև միջին մասնագիտական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների սովորողներ, որոնք նաև տեղում գունանկարներ են նկարել:
Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի այս տարվա առանձնահատկություններից է նաև հանրակրթական դպրոցների աննախադեպ ակտիվությունը` ցուցահանդեսում, բացի արվեստի դպրոցի սաներից, ներկայացված են Երևանի և մարզերի ավելի քան 50 հանրակրթական դպրոցների սովորողների ստեղծագործություններ:
Փառատոնը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ։ Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է 20-րդ դարի հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին:
Առաջին փուլում ներկայացված 2000-ից ավելի աշխատանքից ընտրվել են մոտ 800-ը, որոնք այժմ ներկայացված են ցուցահանդեսում: Երկրորդ փուլի հաղթողները կընտրվեն արդեն ցուցադրված աշխատանքներից: