Վրաստանի խորհրդարանը չընդունեց համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրինագիծը` 101 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Չնայած խորհրդարան բերված նախագիծը ներկայացվել էր «Վրացական երազանք»-ի կողմից և ենթադրում էր 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրական կարգով, նույն ուժի որոշ պատգամավորներ դրժեցին իրենց նախնական խոստումը՝ դեմ քվեարկելով օրինագծի ընդունմանը:
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն վստահ է, որ եթե խորհրդարանի մեծամասնությունը տապալի համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը, իրադարձություններն արմատական հունով կընթանան:
«Այս ամենը հանգեցնելու է փողոցային ցույցերի: Գնդակն այժմ գտնվում է «Վրացական երազանք»-ի դաշտում․ դա նրա պատասխանատվությունն է, քանի որ, եթե չեն կատարում իրենց տված խոստումը՝ ձախողելով համամասնական համակարգի անցումը, ընդդիմությունն ու հանրությունը փողոց դուրս գալուց զատ այլ ելք չեն ունենում»,- ասել է Բաքրաձեն:
Հիշեցնենք, որ նախորդ օրը Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը կանխատեսել էր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ խորհրդարանում:
«ԵՄ-ն զերծ է մնում կարծիք հայտնելուց, քանի որ սա Վրաստանի բնակչության և քաղաքական կուսակցությունների ընտրությունը պետք է լինի: Չնայած ամառվա ընթացքում քաղաքական կոնսենսուսի են հանգել առ այն, որ աշխատանքներ են տարվելու, այս ֆոնին ռիսկեր եմ տեսնում կուսակցությունների միջև վստահության տեսանկյունից»,- հայտարարել էր դեսպան Հարցելը: