New York Times-ն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանն ու այդ գործընթացում լուրջ դերակատարում ստանձնած ազդեցիկ մարդկանց: Պարբերականը գրում է, որ վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 13 հազար մարդ է մահացել Ռուսաստանի և Ուկրաինայի փաստացի պատերազմում, և ինչպես Ուկրաինայում են շատերն ասում՝ գաղութացումից ազատվելու և Արևմուտքին ավելի մոտ գտնվելու ձգտմամբ:
New York Times-ը նշում է, որ այս հարցում առանցքային դերակատարում է ունեցել միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկին, որը միլիոնավոր դոլարներ է ծախսել բանակի արդիականացման համար: Նրա շնորհիվ է, որ 2014 թվականին Ուկրաինային հաջողվեց կանգնեցնել ռուսների առաջխաղացումը:
Սակայն Կոլոմոյսկիի դիրքորոշումը, որին Ուկրաինայում համարում են բավականին ազդեցիկ կերպար և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հովանավորը, լուրջ փոփոխության է ենթարկվել:
«Ուկրաինան պետք է մոռանալ Արևմուտքի մասին և կրկին շրջվի դեպի Ռուսաստան»,- ասել է Իգոր Կոլոմոյսկին:
«Միևնույն է՝ նա ավելի ուժեղ է: Մենք պետք է շտկենք մեր հարաբերությունները: Մարդիկ խաղաղություն են ուզում, լավ կյանք, նրանք չեն ցանկանում պատերազմել»:
Դիմելով Միացյալ Նահանգներին՝ Կոլոմոյսկին հայտնել է, որ «Ամերիկան իրենց ստիպում է պատերազմել և նույնիսկ դրա համար գումար չի տրամադրում»:
New York Times-ը նշում է, որ անկախ Կոլոմոյսկիի աշխարհաքաղաքական դիրքորոշման փոփոխության պատճառներին՝ չի՛ կարելի հաշվի չառնել նրա կարծիքը, քանի որ նա ահռելի ազդեցություն ունի Զելենսկիի վարչակազմի վրա: Ամերիկյան հեղինակավոր պարբերականը հիշատակում է նաև այն հանգմանքը, որ նախքան Ուկրաինայի նախագահ դառնալը՝ Զելենսկիի հեռուստատեսային շոուներն ու նախագծերը հեռարձակվում էին հենց Կոլոմոյսկիի հեռուստաալիքով: