ՌԴ Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին: Կատարվածը բուռն արձագանքի է արժանացել: Բարբարոսության հեղինակը նաև նկարել է կատարվածը և տարածել տեղեկատվական տարբեր միջոցներով:
Մեկանաբանելով իր արարքը՝ Վինոգրադովը նշել է, որ նոյեմբերի 11-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում Քաղաքային դուման խոստացել էր ապամոնտաժել հուշատախտակը, սակայն այդպես էլ չէր կատարել խոստումը, այդ իսկ պատճառով ինքը որոշել է «հարցն ինքնուրույն լուծել»:
Տեղի ունեցածին արձագանքել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: «Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավորի գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական հարաբերությանը և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության»,- ասված է հայտարարության մեջ:
Դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է անում Արմավիրի քաղաքային իշխանությանը համապատասխան գնահատական տալ կատարվածին` վստահեցնելով, որ միջադեպը լինելու է դեսպանության ուշադրության կենտրոնում։
Այս օրերին Հայաստանում է ՌԴ Արմավիր քաղաքի հայկական համայնքի նախագահ Գրիգորի Կարապետյանը: Նրա խոսքով՝ պատգամավոր Վինոգրադովը «չէր հաշտվում դեպքերի նման ընթացքի հետ», այդ իսկ պատճառով «արտահայտել է իր քաղաքացիական դիրքորոշումը՝ սև ներկով ներկելով Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը»: