Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել հիվանդության հիմնախնդիրներին` բարձրացնելով բնակչության իրազեկությունը: Օրն ընտրվել է կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի պատվին, որն առաջին անգամ ինսուլինի ներարկման միջոցով փրկել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների կյանքեր, և 1923 թվականին այս գյուտի համար արժանացել է Նոբելյան մրցանակի:
Վերջին 30 տարվա ընթացքում ՇԴ տարածվածության և մահացության ցուցանիշները Հայաստանում աճել են շուրջ 2 անգամ:
2018-ի վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ բնակչության շրջանում ՇԴ ընդհանուր հիվանդների թիվը կազմում է 93460, որոնցից 83%-ը (77 644)` 2-րդ տիպի ՇԴ-ն է: ՇԴ-ից մահացության ցուցանիշը կազմում է 579, որը 2017թ. համեմատ նվազել է 230 դեպքով:
Ապացուցողական բժշկության տվյալներով` ՇԴ զարգացման ռիսկի գործոններից են արյան մեջ գլուկոզայի բարձր մակարդակը, ավելցուկային քաշն ու ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունն, անառողջ սննդակարգը, մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի սակավ օգտագործումը, քաղցրի չարաշահումը և այլն:
Առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է ՇԴ կանխարգելումն ու հիվանդության հետ կապված առողջապահական ուղղակի և անուղղակի ծախսերի նվազեցումը: Այդ նպատակով առողջապահության նախարարության կողմից մշակվել և իրականացվում են մի շարք բազմակողմանի ռազմավարական ծրագրեր և միջգերատեսչական միջոցառումներ:
ՇԴ կանխարգելման և հսկողության քաղաքականության հիմնական մոտեցումները ներկայացված են շաքարային դիաբետի, առողջ ապրելակերպի խթանման, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագրերում:
«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում շարունակվում են ՈՎՀ սքրինինգները. 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն առաջնային օղակում անվճար հետազոտվելու` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով:
Միաժամանակ, 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին պետությունը 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%:
Առողջապահության նախարարությունը հորդորում է, նախ և առաջ, վարել առողջ ապրելակերպ, հետևել առողջ սննդակարգին, պայքարել ՇԴ զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների՝ ֆիզիկական թերակտիվության, ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման դեմ, վերահսկել քաշը, զարկերակային ճնշումը, արյան մեջ գլյուկոզայի և քոլեսթերինի մակարդակը:
Կարևոր է նաև հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի, միշտ հիշել, որ շաքարային դիաբետը կառավարելի հիվանդություն է, որ արհեստավարժ մոտեցման դեպքում հնարավոր է ապրել լիարժեք, ինչպես նաև՝ կանխել հիվանդության հնարավոր զարգացումը: