ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ» մշակութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում «Ռեգիոն» ՀԶԿ-ն Վանաձորում իրականացնում է «Օկտավա» («Մշակույթը սկսվում է համայնքից») ծրագիրը:
Մշակույթի ոլորտի մարզային ներկայացուցիչները՝ ուսանողներ, դասախոսներ, սկսնակ արվեստագետներ, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվող ավարտական դասարանների աշակերտները հանդիպումներ են ունենում երաժշտարվեստի, կինոյի, թատրոնի, պարարվեստի ոլորտների ճանաչված և անվանի արվեստագետների հետ:
Ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերին և մինչև օրս կազմակերպվել է 5 հանդիպում, որոնց մասնակցել են ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Նարինե Անանիկյանը, արվեստի վաստակավոր գործիչ, երգիչ Վահան Արծրունին, ԵԹԿՊԻ «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը։
Հանդիպումներն անցնում են անմիջական և ջերմ մթնոլորտում. ծավալվում են առավելապես մասնագիտական բնույթի զրույցներ, որոնց ընթացքում երիտասարդ մասնակիցները հարցեր են ուղղում բանախոսներին: