Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեզն առաջարկել էր անմիջապես քվեարկության ներառել Սենատի լիագումար նիստում:
Որպեսզի այս կարճ ընթացակարգով օրինագիծը բերվեր քվեարկության՝ անհրաժեշտ էր օրենսդիրների լիակատար համաձայնությունը։ Մինչդեռ մեկ սենատոր արդե՛ն իսկ արգելափակել է Մենենդեզի առաջարկը։ Այսքանով հանդերձ, հայկական փաստաթղթին սատարողների թիվն աճում է. մասնավորապես՝ սենատորներ Մայքլ Բենեթն ու Բոբ Քեյսին նախօրեին նույնպես աջակցություն հայտնեցին օրինագծին։
Վերին պալատում այս փաստաթղթի հաստատման անհրաժեշտության մասին՝ Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող հայ խորհրդարանականների հետ հանդիպմանը խոսել է նաև հայաշատ Մասաչուսեց նահանգը ներկայացնող օրենսդիրը։