ԱԺ-ում 2020-ի ՀՀ բյուջեի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչ է արվում արժեթղթերի շուկան զարգացնելու համար. «Երբ խոսում ենք արժեթղթերի շուկայից, շարունակաբար ասում ենք, թե ինչ կարևորություն ունի այս ինստիտուտի կայունությունը և երբեմն ասում ենք, որ սա երկար գործ է ու պետք է դրանով զբաղվել, բայց տպավորություն է, որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Եթե արվում է, ապա ի՞նչ է արվում»,- հետաքրքրվեց ԱԺ նախագահը:
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախկինում եղել է խնդիր հարկային վարչարարության հետ, որն արդեն վերացել է. «Մեկ շատ կարևոր փոփոխություն է տեղի ունեցել, որն, իմ կարծիքով, հիմքն է, որ այդ ամենը զարգանա: Դա այն է, որ այլևս չկան հաշվառման և վարչարարական կրկնակի ստանդարտներ: Հարկային վարչարարությունը անցյալում կարող էր շատ դեպքերում չխրախուսեր, որ ընկերությունները լինեն թափանցիկ, իսկ այսօր այլևս այդ խնդիրը չունենք»,- շեշտել է նախարարը: