Գրքի երևանյան երրորդ փառատոնը կանցկացվի նոյեմբերի 22-ից 24-ին: Փառատոնի շրջանակում նախատեսվում են հայ և արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, հանդիպումներ, բանախոսություններ՝ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ:
Ավանդական ցուցահանդես-տոնավաճառին կմասնակցեն 37 հրարատարակչություն, գրախանութ և կազմակերպություն, գրքերը կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով։
Շնորհանդեսներին կներկայացվեն Լայմըն Ֆրենկ Բաումի՝ «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները», Սթիվեն Քինգի՝ «Փայլատակում», Ռուբեն Հովսեփյանի՝ «Հեքիաթներ», Օլգա Տոկարչուկի՝ «Գրքի մարդկանց ուղևորությունը», Սամվել Գասպարյանի՝ «Կաիսայի ընտրյալները. Տիգրան Պետրոսյան» գրքերն ու այլ գրականություն:
Փառատոնի երեք անվանակարգերում հաղթողների անունները կհայտարարվեն փակման արարողության ժամանակ՝ նոյեմբերի 24-ին։ Նույն օրը համերգով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը և «Վահագն Հայրապետյան» ջազ քառյակը:
Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: