Նոյեմբերի 12-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ որևէ քննարկում չեմ ունեցել ո՛չ Գևորգ Պետրոսյանի, ո՛չ ԲՀԿ խմբակցության այլ ներկայացուցչի հետ: Այդ մասին լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա որոշել է Գ.Պետրոսյանին չզրկել խորհրդարանում ձայնի իրավունքից՝ տալով նրան ևս մեկ հնարավորություն:
«Ես ցանկացա տեսնել այդ հոդվածը ևս մեկ անգամ և որոշեցի առայժմ չդիմել այդ քայլին, որովհետև ես միշտ ցանկանում եմ նորից մարդկանց հնարավորություն տալ մնալ քննարկումների սահմաններում` էթիկայի շրջանակում։ Լիահույս եմ՝ այդպես էլ կլինի, եթե չլինի, ապա այդ օրենքը, այդ նորմը կա, ԱԺ կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի երրորդ մասն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից ներկայացված «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու հարցի քննարկման ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Արարատ Միրզոյանի և հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանի միջև: