Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
Ինչպես 1lurer.am-ին հայտնեցին կառավարության լրատվական ծառայությունից՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարության կարևորագույն խնդիրներից է պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մասնավորապես՝ վարչարարության պարզեցումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների ավտոմատացումը և թվայնացումը, պետական կառավարման մարմինների գործունեության հաշվետվողականության ու թափանցիկության ապահովումը, ինչպես նաև՝ անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը։
Իսկ այս գործընթացներում մեծ է էլեկտրոնային գործիքների դերը։ Փոխվարչապետն ընդգծել է, որ այս համատեքստում կառավարությունն իր առջև նպատակ է դրել ապահովել նաև արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությունը, ինչն էլ իր հերթին կբերի համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը։ Տիգրան Ավինյանը հավելել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդարադատության ոլորտում գործում են բազմաթիվ մարմիններ, էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ ձևավորելու հարցում առանցքային նշանակություն ունի միջգերատեսչական համագործակցային հարթակի և կառուցակարգերի ստեղծումը։
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է էլեկտրոնային արդարադատության համակարգի հիմնական գաղափարը, ինչպես նաև՝ «էլեկտրոնային քրեական գործ» համակարգի ներդրման հետ կապված հարցեր։