ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարբերական վերահսկողական միջոցառումները մսի շուկայում: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց են կատարել Երևանի Խորենացի փողոցում և թիվ 2՝ Գում-ի շուկայում գործող մսի իրացման տաղավարներում:
Նպատակն էր հավաստիանալ, որ մսի ու ենթամթերքի իրացումը կատարվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, սանիտարահիգիենիկ պայմաններում, որ մսի հետ շփվող աշխատակիցները կրում են համապատասխան մաքուր արտահագուստ և ունեն սանիտարական գրքույկներ:
Արձանագրելով, ընդհանուր առմամբ, բարվոք իրավիճակ՝ տեսուչները սանիտարահիգիենիկ պայամանների կոպիտ խախտում են հայտնաբերել Խորենացի 35 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Ուսո Քալաշյանին պատկանող թարմ մսի վաճառակետում, որտեղ նոր ստացված միսն ու մսեղիքը դրված են եղել ուղղակի գետնին՝ հիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում: Մսի ու ենթամթերքի վաճառքը կասեցվել է, վերահսկողական աշխատանքներն այս տաղավարում շարունակվում են:
ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հենց տեղում կազմակերպել է խորհրդակցություն մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների հետ: Նա փոխանցել է Տեսչական մարմնի վճռականությունը սպանդանոցային մորթի անցման սահմանված ժամկետները պահպանելու առումով և հորդորել գործուն քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար՝ նշելով, որ վերահսկող կառույցի
մասնագետները պատրաստ են տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն:
Երևանի Խորենացի փողոցում և Գում-ի շուկայում մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողները պարտավորվել են մինչև 2019թ, դեկտեմբերի 1-ը՝ մասամբ, իսկ 2020թ. Հունվարի 15-ից ամբողջությա՛մբ անցնել սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման ու վաճառքի: