ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Դարիգա
Նազարբաևայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-ղազախական հարաբերություններին:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի խորացմամբ՝ ելնելով մեր երկրների փոխադարձ շահերից: Նա ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունները գործնականում զարգանում են բոլոր ուղղություններով, և դրանցում կարևոր դեր է խաղում նաև միջխորհրդարանական համագործակցությունը: Այդ համատեքստում նա նշել է, որ վերջին տարիներին առաջին անգամ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ բարեկամական խմբի այցը Ղազախստան, իսկ առաջիկայում սպասվում է ղազախական կողմի այց:
Արարատ Միրզոյանը նշել է, որ տնտեսական ցուցանիշներով արձանագրված է դրական դինամիկա. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 150 տոկոսով: Ըստ ԱԺ նախագահի՝ թիվն արդեն խոսուն է, և դեռ առկա է մեծ չիրացված ներուժ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ երկխոսությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ ուղղություններով, երկու երկրները համագործակցում են միջազգային տարբեր ձևաչափերում: Նա կարծիք է հայտնել, որ տեսակետներն այդ հարթակներում կարող են լինել ավելի հավասարակշռված, իհարկե, առաջին հերթին անվտանգության վերաբերյալ հարցերում:
«Մեր երկրի համար կա զգայուն հարց՝ ԼՂ
հիմնահարցը: Հայաստանում շատ ընդգծված տեսակետ կա, որ դաշնակիցները միջազգային տարբեր հարթակներում պետք է հաշվի առնեն միմյանց հետաքրքրություններն այսպիսի հարցերում ևս»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա խոսել է նաև մշակութային համագործակցության մասին՝ ընդգծելով, որ Ղազախստանի հայ համայնքը բարգավաճում է, ունի բոլոր հնարավորությունները՝ իր ներդրումն ունենալու երկրի զարգացման գործում և շատ լավ իրացնում է այդ հնարավորությունը:
Դարիգա Նազարբաևան շնորհակալության հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել Արարատ Միրզոյանի հետ: Նա հայտարարել է, որ կարող է Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վստահաբար անվանել եղբայրական, որովհետև առկա են մշակութային ընդհանուր արմատներ: Նա ուրախությամբ է ընդգծել, որ սերտորեն աշխատում են նաև մեր գիտնականները, որոնք համագործակցության հուշագիր են ստորագրել:
«Այս տարի նշում ենք Ղազախստանի և Հայաստանի անկախ հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Սա մեծ իրադարձություն է և մեզ համար, հպարտանալու մեծ բան կա, կան կոնկրետ հաջողություններ, բայց մենք միշտ ուզում ենք մի փոքր ավելին»,- ասել է Դարիգա Նազարբաևան:
Նա կարևորել է տրանսպորտային միջանցքների զարգացումը, որպեսզի երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները հեշտանան: Նաև ընդգծել է, որ ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը, որի ընդլայնման համար կան էլ ավելի հնարավորություններ:
Դարիգա Նազարբաևան հայտնել է, որ եկող տարի նախատեսվում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը Հայաստան, որը, նրա կարծիքով, ևս կհանդիսանա կարևոր քայլ՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին:
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը նաև արձանագրել է, որ
միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում են շատ լավ դինամիկայով: Նա նշել է, որ զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ կան: Նազարբաևան շնորհակալություն է հայտնել, որ Երևանի պետական համալսարանում գործում է ղազախերենի կենտրոն, ուր նա պատրաստվում է այցելել:
«Համագործակցության հեռանկարները մեծ են, դրանք պետք է զարգացնել տարբեր ուղղություններով: Հայաստանում գիտական մեծ ներուժ կա և այս հարցում պատրաստ ենք ձեզանից շատ բան սովորել: Մենք ընդհանուր առմամբ շարժվում ենք նույն ուղղությամբ»,- ասել է Դարիգա Նազարբաևան:
Արարատ Միրզոյանը լիովին համաձայնել է, որ զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա և միջխորհրդարանական խմբերը ակտիվ պետք է աշխատեն այդ ուղղությամբ:
«Իսկապես ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում և պետք է հետեւել, որ ամեն ինչ այդպես էլ շարունակվի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Դարիգա Նազարբաևան գրառում է կատարել Ազգային ժողովի պատվո հյուրերի մատյանում, նաև՝ բարեկամության ծառ տնկել Հայաստանի խորհրդարանի այգում: