ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները հոկտեմբերի 15-28-ը մասնակցել են Չինաստանի Ուհան քաղաքում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին:
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո անցկացված բանակային խաղերին մասնակցել է 105 պետության ավելի քան 10.000 մարզիկ, նրանց թվում նաև՝ օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Մարզիկներն ուժերը
չափել են 27 մրցաձևերում:
Հայաստանը ներկայացրել են 15 մարզիկ-զինծառայողներ, ովքեր հանդես են եկել ըմբշամարտ, ձյուդո, կողմնորոշում տեղանքում և մարմնամարզություն մրցաձևերում: Հայ մարզիկները գրանցել են բավականին բարձր ցուցանիշներ:
Մասնավորապես՝ ազատ ոճի ըմբշամարտիկ Մհեր Մարկոսյանը և մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:
Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսն ունեցող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում:
Ռազմական սպորտի միջազգային խորհրդը պարբերաբար կազմակերպում է տարբեր մարզաձևերի տարածաշրջանային, մայրցամաքային և աշխարհի առաջնություններ: Կազմակերպվում են նաև համաշխարհային կադետական խաղեր, որոնց մասնակցում են ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները:
Կազմակերպության խոշորագույն միջոցառումներն են զինվորականների ձմեռային և ամառային խաղերը, որոնց մասնակցելու իրավունք ունեն բացառապես գործող զինծառայողները:
Ռազմական սպորտի միջազգային խորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավարը փոխգնդապետ Արման Դավթյանն է:
Չինաստանում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին մասնակցած ՀՀ պատվիրակության ղեկավարն էր գնդապետ Արամ Գրիգորյանը: