Երկրի տնտեսական աճը և ներդրումները խթանելու համար Հայաստանը 2020 թվական է մուտք գործելու նոր գործիքակազմերի ներդրմամբ, որոնցից առանձնանում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ելույթ ունենալով ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը:
«Դրանցից առաջինը համահարթ եկամտահարկի ներդրումն է: Դրանով կառավարությունը ցանկանում է խթանել այն ուղղությունները, որոնք կոչվում են «բարձր աշխատավարձերով տնտեսության ոլորտներ»: Էականորեն իջեցնում ենք բարձր աշխատավարձերի համար եկամտային հարկը, և այդ ուղղությունը շարունակելու ենք:
Հունվարի 1-ից ներդրվում է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, իսկ առաջիկա տարիներին կշարունակվի պրոցեսը, և կունենանք 20 տոկոս համահարթ եկամտահարկ: Որոշակի իջեցում է նախատեսվում շահութահարկի գծով, և, որ կարևոր է՝ միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից:
Սա ցույց է տալիս մեր գործունեության երկու հիմնական ուղղությունը՝ առաջինը՝ խթանել տեխնոլոգիական ոլորտի ներդրումները ՀՀ-ում և գրավչությունը բարձրացնել, նաև՝ ներդնել աղքատության հաղթահարման գործիք՝ միկրոբիզնեսը ազատելով հարկերից: Մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը՝ աղքատության հաղթահարման այլ ճանապարհ, քան աշխատանքն է, գոյություն չունի. եթե ցանկանում ենք որևէ քաղաքացու օգնել աղքատության հաղթահարման գործում, պետք է նրա համար ստեղծենք աշխատանքի դաշտ»,- նշեց Փաշինյանը:
ԱԱՀ վերադարձի ցուցանիշը, ըստ վարչապետի, 2017 թվականի համեմատ 2019-ի տասն ամիսներին կրկնապատկվել է: Եթե 2017թ. վերադարձվել էր 54 միլիարդ դրամի ԱԱՀ, 2019-ի տասն ամիսներին՝ 114 միլիարդ դրամ:
«Սրանք այն գումարներն են, որ անարդարացիորեն, օրենսդրական բացերի հետևանքով դուրս էին դրվել տնտեսական շրջանառությունից: Դրանք վերադարձնում ենք տնտեսությանը՝ հույս ունենալով, որ կվերաներդրվեն տնտեսության մեջ»,- ընդգծել է Ն.Փաշինյանը: