Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում կատարվածի հետ կապված մեկնաբանությամբ է հանդես եկել:
«Դեսպանությունը խոր վրդովմունք է հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) քաղաքային դումայի պատգամավոր Ա. Վինոգրադովի գործողությունները մեր կողմից գնահատվում են որպես վանդալիզմի ակտ Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում և հաշվեհարդարի դրսևորում, ինչը հակասում է հաստատված օրինական կարգին։
Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության։
Արմավիրում տեղի ունեցածն առաջ է բերել լուրջ մտահոգություն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր բազմաթիվ հայրենակիցների շրջանում, որոնք ապրում են Ռուսաստանում։
Դեսպանությունը սահմանված կարգով կտեղեկացնի ռուսաստանյան համապատասխան մարմիններին տեղի ունեցած վանդալիզմի ակտի մասին Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում։
Արմավիր քաղաքի իշխանություններին կոչ ենք անում համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին։
Տեղի ունեցածը կգտնվի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում։ Դեսպանության ներկայացուցիչները մշտական կապ են պահպանում համայնքի և Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ»,- նշվում է մեկնաբանությունում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել էր հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղադրված է հայկական եկեղեցու տարածքում։
Վինոգրադովի խոսքով՝ նոյեմբերի 11-ին լրացել էր ժամկետը, որի ընթացքում քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, բայց դա չեն արել, և ինքը «հարցը լուծել է ինքնուրույն»։