Վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին բարձր է գնահատել Վրաստանի ներկա քաղաքականությունը, որը որդեգրել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին: Նախարարը նշել է, որ ներկա իշխանությունները միակն են, որի օրոք հանրապետությունը չի կռվել և չի կորցրել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Իսկ դա կարևոր հանգամանք է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ինչին ձգտում է Վրաստանը: Ըստ Ղարիբաշվիլիի, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները չեն կարողանում այդ հարցում համաձայնության գալ Ռուսաստանի պատճառով: Ավելի վաղ Թբիլիսիում ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի դիտարկի Վրաստանի մուտքը դաշինք առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի: