Վաշինգտոնում Կապիտոլիումի բարձունքին աշխատանքային հանդիպումներ է անցկացնում հայ օրենսդիրների պատվիրակությունը։ Հայ-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամության խումբը՝ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, արդեն հանդիպել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։
Պատվիրակության կազմում են նաև խորհրդարանի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը, «Լուսավոր Հայաստանը» ներկայացնող Էդմոն Մարուքյանը և «Իմ քայլից» Տաթևիկ Հայրապետյանը։
Ֆրենկ Փալոնի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին Հայոց ցեղասպանության դատապարտման գործում իր տարիների աշխատանքի համար` ընդգծելով վերջերս Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման փաստի կարևորությունը։
Փալոնը, զարգացնելով թեման, ներկայացրել է օրինագծի հաստատման ընթացակարգային մանրամասնությունները` շեշտելով Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի ակտիվ ներդրումը։ Հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու նաև Սենատի անդամների հետ։