Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր ու աշխարհիկ կառույցների առաջնորդների հետ հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը, շեշտել Ռուսաստանի հետ հարաբերություններում լիարժեք փոխըմբռնման առկայության մասին, թեև շատերն են այս հարցին թերահավատորեն մոտենում: Հայ-վրացական հարաբերությունների մասին ասել է, որ դրանք շատ բարձր մակարդակի վրա են, իսկ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում դրական դինամիկա է արձանագրվել: Վարչապետը նաև պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, խոսել Հայաստանում աղքատության հաղթահարման ծրագրերից:
«Մեկուկես տարվա ընթացքում բոլորդ էլ ականատես եք եղել. որոշակի հոռետեսական գնահատումներ են հնչել, օրինակ՝ հայ-ռուսական հարաբերություններում: Կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի և ՌԴ-ի իշխանությունների միջև կա լիարժեք փոխըմբռնում մեր հարաբերությունների, բովանդակության, ռազմավարության ներկայի և ապագայի վերաբերյալ: Եվ հույս ունեմ, որ ՌԴ ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները հիմա արդեն ակնհայտ են դարձնում այդ իրողությունը:
Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք մեծ խնդիրներ չենք ունեցել և այսօր էլ չունենք: Հայ-վրացական հարաբերությունները, թույլ տվեք պնդել, երբեք ավելի բարձր մակարդակի չեն եղել: Իրանի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում, ԱՄՆ-ի հետ մենք մեկնարկել ենք ռազմավարական երկխոսություն, և կան բոլոր նշաններն արձանագրելու, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նույնպես շատ մոտ ենք մի կարևոր ճեղքման»,- նշել է վարչապետը: