Կատալոնիայի անկախության կողմնակիցների «Դեմոկրատական ցունամի» արմատական շարժումը որոշել է դադարեցնել ցույցերը տարածաշրջանի ավտոճանապարհներին: Շարժման ամենամեծ գործողությունը, որն իրականացվում է կատալոնական անջատողականների առաջնորդների բանտարկության դեմ բողոքի շրջանակում և սկսվել երկուշաբթի, իսպանա-ֆրանսիական սահմանը հատող ավտոճանապարհի արգելափակումն է: Երեքշաբթի արգելափակվեց նաև նույն ուղղության ֆրանսիական կողմը: Մայրուղում երթևեկությունը վերականգնվել է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի միջամտությունից հետո: Չորեքշաբթի Բարսելոնայում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի դիմաց անցկացվեց ցույց, մասնակիցների կարծիքով՝ չարդարացված ուժի կիրառման դեմ: Առավոտյան Իսպանիայի և տարածաշրջանային ոստիկանության ուժերն ապամոնտաժեցին Ժիրոնայի մայրուղին: Ցուցարարները շարժվեցին դեպի Սալթ քաղաք, որտեղ էլ կանգնեցրին նոր բարիկադ: