Գերմանիայի կառավարությունը հերթական, աննախադեպ խոշոր ֆինանսական աջակցությունն է հատկացրել Կովկասի բնության հիմնադրամին (CNF): CNF-ի և Գերմանական զարգացման բանկի՝ KfW-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից (BMZ) CNF-ին 16,4 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու համար, ինչը կամրապնդի և կզարգացնի CNF-ի կարողությունը՝ շարունակելու մեր տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իր առաքելությունը:
«Այս 16,4 միլիոն եվրոյի ներդրումը թույլ կտա մեզ ընդլայնել մեր աջակցությունը պահպանվող տարածքներին, քանի որ մենք հասցեագրում ենք համակարգային մարտահրավերները կապված ցածր աշխատավարձերի ու կարողությունների հետ՝ ապահովելով երկարաժամկետությունն ու կայունությունը»,- ասել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին:
CNF-ի խորհրդի նախագահ Դևիդ Մորիսոնը նշել է, որ այս հատկացումն ամենամեծն է այն պահից, երբ 10 տարի առաջ CNF-ը սկսեց իր գործունեությունը և գնալով այն բարելավում է իր ֆինանսական կայունությունը, քանի որ միջոցներն օգտագործվում են կենսաբազմազանության պահպանության իրական արդյունքների հասնելու համար:
«Ես անչափ երախտապարտ եմ այն վստահության և գործընկերության համար, որը մենք ունենք Գերմանիայի կառավարության և KfW բանկի հետ»,- նշել է Դևիդ Մորիսոնը:
«Սա ցույց է տալիս, որ Գերմանիայի կառավարությունը վստահում է CNF-ին և այն գործին, որն այն կատարում է՝ բարելավելով աշխարհի այս եզակի և գեղեցիկ հատվածի կենսաբազմազանության պահպանությունը»,- նշել է CNF-ի խորհրդի անդամ և KfW-ի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի էներգետիկայի և բնական պաշարների բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը:
Նշենք, որ միայն Հայաստանում, 10 տարիների գործունեության ընթացքում, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության համար Կովկասի բնության հիմնադրամի կողմից հատկացվել է ավելի քան 4,5 միլիոն եվրո: