Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ժամանել է Ավստրիա, և սա նրա առաջին այցն է եվրոպական երկիր 2016 թ.-ից հետո։ Պարզվել է, որ Լուկաշենկոն Վիեննա է ժամանել դեռ նոյեմբերի 11-ին, սակայն լրատվամիջոցները լռել են այդ մասին և տեղեկացնում են միայն այսօր: Արևմտյան մեդիան ցնցված է Բելառուսի նախագահի պատասխաններից, որոնք հնչել են մամուլի ասուլիսի ժամանակ:
Deutsche Welle-ն նշել է, որ Լուկաշենկոն, ում մինչև վերջերս կոչում էին «Եվրոպայի վերջին բռնապետ» և մարդու իրավունքների չարամիտ ոտնահարող, Եվրամիություն այցի ընթացքում իրեն այնպես է զգում, կարծես ոչինչ չի պատահել: «Բռնապետը» մի քանի օրինակով ցույց է տվել, որ Բելառուսում, ի տարբերություն Ավստրիայի, իրական ժողովրդավարություն է, որ բելառուսներն ավելի շատ իրավունքներ և ազատություններ ունեն: Երբ Լուկաշենկոյին հարցրել են «մարդու իրավունքների մասին», նա նկատելիորեն վիրավորվել է և հարցրել. «Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Բելառուսում մարդու իրավունքների հարցով»: Դրան հաջորդել է նրա մենախոսությունը քաղաքացիական և սոցիալական, կյանքի, աշխատանքի իրավունքների, հայրենիքում և արտերկրում աշխատելու բելառուսների հնարավորությունների, ինչպես նաև անվճար կրթության և բժշկության մասին: Այնուհետև նա հռետորական հարց է ուղղել. «Ցույց կտա՞ք ինձ ԵՄ առնվազն մեկ երկիր, որը հասել է սոցիալական երաշխիքների այդպիսի մակարդակի»:
Ի պատասխան Ավստրիայի նախագահի այն հայտարարության, թե Բելառուսում մահապատժի օրինականացումը թույլ չի տալիս, որ հանրապետությունը դառնա Եվրախորհրդի լիիրավ անդամ, Լուկաշենկոն, հանուն այդ անդամակցության, բացառել է մահապատժի վերացումն իր երկրում: Հիշեցնենք, որ Բելառուսը շարունակում է մնալ Եվրոպայում միակ պետությունը, որտեղ կիրառվում է մահապատիժը:
Ավստրիայի նախագահի և խորհրդարանի անդամների հետ հանդիպումից հետո Լուկաշենկոն ներկա է եղել Ավստրիա-Բելառուս տնտեսական ֆորումին, որտեղ Բելառուսը ներկայացված էր որպես «Արևելյան Եվրոպայի Սիլիկոնային հովիտ», Մինսկն էլ՝ «դրախտ՝ ծրագրավորողների համար»: Մինսկի եվրոպական ինտեգրման կենտրոնի տնօրեն Յուրի Շևցովը կարծում է, Բելառուսը և ԵՄ-ն այժմ շարժվում են միմյանց ընդառաջ, և այդ գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել: