Հայաստանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում մասնակցել է «Դպրոցը ծայրահեղականության, խավարամտության և անհանդուրժողականության դեմ. հաջողությունների և անհաջողությունների միջև ինչպիսի ռազմավարություն որդեգրել արդյունավետ կանխարգելման համար» թեմայով քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել էին Շոայի հիշողության կազմակերպության նախագահ, Ալադին նախագծի համահիմնադիր և փոխնախագահ Էրիկ Ռոտշիլդը և Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանկեն։
Քննարկմանը ներկա էին տարբեր երկրների ԿԳ նախարարներ, ինչպես նաև այլ գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը, իր ելույթում կարևորելով կրթության դերը փոխըմբռնման և հարգանքի խթանման, աղքատության հաղթահարման, գիտության զարգացման և առաջընթացի գործում, նշել է, որ այն կարող է օգտագործվել նաև սխալ նպատակների համար, որոնք դեմ են և չեն համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի արժեքներին: Ավելին՝ այն կարող է օգտագործվել խտրականությունը, այլատյացությունը, ռասիզմը, հակասեմականությունը, իսլամոֆոբիան և նույնիսկ ցեղասպանության և պատերազմի հանցագործությունները հրահրելու կամ կանխարգելելու համար։ Արայիկ Հարությունյանը փաստել է, որ այս հիմնախնդիրն առավել քան կարևոր է ծայրահեղականության բոլոր դրսևորումների դեմ պայքարում` միջազգային հանրության ներկայիս ջանքերի համատեքստում։
Նախարարը նաև արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսական դերը կրթության միջոցով խաղաղություն սերմանելու և ծայրահեղականությունը կանխարգելելու գործում և ընդգծել, որ դպրոցը և այլ կրթական հաստատություններ այսօր կարող են գործիք ծառայել ատելություն սերմանելու համար՝ որպես օրինակ բերելով հարևան Ադրբեջանը, որտեղ դասագրքերում հայերը ներկայացվում են որպես իրենց գենետիկ թշնամիներ։
Նախարարն իր խոսքում նաև համոզմունք է հայտնել, որ կրթությունը նաև վահան է մարդու իրավունքների ոտնահարման, մարդկության հանդեպ ոճրագործությունների և ցեղասպանության կանխարգելման համար։ Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի հանձնառությունը՝ կրթության միջոցով նպաստելու միջմշակութային, միջկրոնական և ազգամիջյան երկխոսությանը։