ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների փաթեթը: Դրանով, մասնավորապես, առաջարկվում է, որ ընդերքօգտագործման ոլորտում հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր համարվեն նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների անդամ ֆիզիկական անձինք:
Առաջարկվող նախագծով, մասնավորապես, իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողով, խորհուրդ և գործադիր մարմին) անդամ ֆիզիկական անձինք:
Փոփոխությունների մի մասը հիմնականում ընթացակարգային է և որոշակի վարչարարության հստակեցումներ է ենթադրում, սակայն դրանք բարելավում են նաև թույլտվությունների տրամադրման գործընթացը: Իսկ հայտարարագրերի ներկայացման ժամկետը երկարաձգվում է մինչև հունվարի 30-ը: