Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ համատեղ 2019 թ. մեկնարկել է Դիլիջանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման և հարակից կառույցների վերազինման ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Դիլիջանում մանկապատանեկան ֆուտբոլը:
Մինչ այս անբարեկարգ վիճակում գտնվող ֆուտբոլի մարզադաշտը վերակառուցվելու է, փոխվելու է խոտածածկը, ներդրվելու է ջրաոռոգման համակարգ, և վերանորոգվելու են հարակից կառույցները:
Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Դիլիջան քաղաքը վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում է: IDeA հիմնադրամը, նպատակ ունենալով Դիլիջանը դարձնել մշակութային, կրթական և զբոսաշրջային կենտրոն, այսօր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի նախաձեռնությամբ ձեռնարկել է մարզադաշտի վերակառուցման նախագիծը:
Վերակառուցված քաղաքային մարզադաշտը կհամալրի Դիլիջանում IDeA հիմնադրամի կողմից կյանքի կոչված մի շարք հաջողակ ծրագրեր, որոնցից են՝ UWC Դիլիջան դպրոցը, համայնքային կենտրոնը, բարեկարգված քաղաքային այգին, արվեստների և արհեստների կենտրոնը (MADE) և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը:
Մարզադաշտի բարեկարգման շնորհիվ Դիլիջանի և շրջակա համայնքների տղաներն ու աղջիկները հնարավորություն կունենան հաճախել ֆուտբոլի մարզումների պրոֆեսիոնալ մարզիչների մոտ և մասնակցել ֆուտբոլային խաղերի:
Դիլիջանի քաղաքային մարզադաշտի կառուցումը մեծ խթան կհանդիսանա ընդհանրապես Տավուշի մարզում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրության մեծացմանը, ինչպես նաև Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: