Ռազմական տեխնիկա արտադրող «Օրսիս Արմս» ընկերության գործը ՀՀ քննչական կոմիտեից փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Քրեական գործը ՀՔԾ է հանձնվել ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ՝ Քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթի հիման վրա, որը սահմանում է, որ «անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին...»:
Քրեական գործը հարուցվել էր այս տարվա կեսին՝ ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթում պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:
Գործը ՀՔԾ է փոխանցվել նոյեմբերի 7-ին:
«Լուրեր»-ը նոյեմբերի 1-ին անդրադարձել էր այս քրեական գործին՝ հայտնելով, որ ընկերությունը փոխկապակցված է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին և ներկա բարձրաստիճան զինվորականների հետ:
Մասնավորապես պարզել էինք, որ 2017-ին հիմնադրված «Օրսիս Արմս» ընկերությունն ի սկզբանե ունեցել է երկու բաժնետեր՝ Արթուր Գալստյանը և Գևորգ Մանուկյանը: Արթուր Գալստյանը 2017-ի հոկտեմբերին նշանակվել է Զինված ուժերի ԳՇ ռազմատեղագրական բաժնի պետ և պաշտոնավարում է ցայսօր, բայց 2019-ին, երբ ընկերությունը ներքաշվում է քրեական գործում, Գալստյանն իր 50 տոկոս բաժնեմասը վաճառում է Վերգինե Սարգսյանին:
Ընկերության մյուս բաժնետերը՝ Գևորգ Մանուկյանը, պահեստազորի սպա է:
Ընկերության և պաշտպանության նախարարության միջև առաջացած կոնֆլիկը կապված է ՊՆ-ին մեծաքանակ գիշերային նշանոցներ մատակարարելու գործընթացի հետ:
«Օրսիս Արմս»-ը ռուսական «Օրսիս» ընկերության ռեզիդենտ ՍՊՆ-ն է: