Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցից հետո մտադիր է Սիրիայի հակամարտության հարցը քննարկել Ռուսաստանի ղեկավարի հետ:
«Այսօր, դժբախտաբար, չի կարելի ասել, որ ահաբեկիչները հեռացել են անվտանգության գոտուց: Եղել է ահաբեկչական վերջին գործողությունը Կամիշլիում: Ահաբեկիչները մնացել են նաև Մանբիջում, մասամբ նրանց կարելի է տեսնել նաև Թել Աբյադում: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնությունը չեն կարողացել համաձայնացված ժամկետներում դուրս հանել նրանց: Մենք դա կքննարկենք Վաշինգտոնում, այնուհետ նաև խոսելու հնարավորություն կունենանք Պուտինի հետ»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը փորձում է Սիրիայում թաքցնել ահաբեկիչներին: Նոյեմբերի 11-ին Թուրքիան սկսել է հատուկ գործողությունների արդյունքում բերման ենթարկված ահաբեկիչներին արտաքսել այն երկրներ, որոնց քաղաքացիներն են հանդիսանում: