Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։
Նախօրեին վարչապետ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից` ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։
Ելիսեյան պալատում Հայաստանի վարչապետին դիմավորել է Էմանուել Մակրոնը:
Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն և այլք։
Այսօր Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է վարչապետ Փաշինյանի կողմից Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերի հանձնում։
Փարիզ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ և հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, որտեղ նրանք կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Հայաստանի վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։
Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի` տեղի կունենա պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետի ելույթը։