Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։
Զրուցակիցները նշել են հակամարտության գոտում կայունության պահպանման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է նաև հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման կարևորությունը՝ խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։