Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Կոտայքի մարզում մասնակցել է Եղվարդ համայնքի քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման արարողությանը:
Նախարարի տեղակալ Վ.Տերտերյանն իր ողջույնի խոսքում շնորհավորել է համայնքի բնակիչներին գրասենյակի բացման կապակցությամբ և ընդգծել, որ նման գրասենյակների առկայությունը համայնքներում էականորեն բարձրացնում է բնակիչներին մատուցվող ծառայությունների մատչելիության մակարդակը: Կոտայքի մարզում այն թվով երրորդ գրասենյակն է:
Գրասենյակի բացմանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկտոր Միխայել Բանցհաֆը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ստեֆանո Լազզարոտտոն, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կարին Յար դե Գերերոն, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Գրասենյակի գործարկումը հնարավորություն կտա «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, պարզեցնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
Նախատեսվում է, որ աշխատանքներն այստեղ կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը թույլ կտա ապահովել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետ կառավարում, բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց հետևել դիմումների և գրությունների ընթացքին:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակը բացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և
Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
Ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում հիմնվել է Քաղաքացիների սպասարկման 30 գրասենյակ: