Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ գիշերն արգելափակել են Իսպանիայի և Ֆրանսայի միջև սահմանին գտնվող ճանապարհը: Հանրահավաքը կազմակերպել է «Դեմոկրատական ցունամի» անջատական շարժումը, որը հուսով է, որ ակցիան կտևի մինչեւ նոյեմբերի 13-ը:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհն արգելափակել են նոյեմբերի 11-ի առավոտյան, ինչի պատճառով մայրուղում երկար խցանումներ են գոյացել: Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Կատալոնիայի իրադարձություններին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ից Կատալոնիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բազմաթիվ ցույցեր: Դրանց անցկացման առիթ է դարձել Իսպանիայի Գերագույն դատարանի վճիռը, որն անկախության հանրաքվեի անցկացմանը մասնակցած քաղաքական գործիչներին դատապարտել էր մինչև 13 տարվա ազատազրկման: