2019 թվականին նոյեմբերի 12-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային:
230 և 330 ՀՀ դրամ անվանական արժեքներով նամականիշները տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով:
Նամականիշների դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:
230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ճյուղի վրա նստած Երկնագույն ալկիոնը, որը 2019 թվականին Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից կազմակերպված հասարակական հարցման արդյունքում արժանացավ «Տարվա թռչուն» կոչմանը:
330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Կովկասյան ընձառյուծը, քանի որ 2019 թվականը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հռչակել է կովկասյան ընձառյուծի տարի։ Կենդանիները պատկերված են իրենց բնորոշ միջավայրում՝ կատարված գեղարվեստական ոճով:
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Կովկասյան ընձառյուծն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենավտանգված կենդանատեսակներից է: Ներկայումս կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: