Ղազախական «Ակտոբեից» հեռացած Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին 35-ամյա կիսապաշտպանը հայտնել է Topsports.am-ի հետ զրույցում:
«Ես արդեն տեղեկացրել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ այլևս չեմ խաղալու Հայաստանի ազգային հավաքականում: Այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում, լիովին վերականգնվել եմ վնասվածքից: Ինձ շատ լավ եմ զգում:
«Ակտոբեից» հեռանալու որոշումը դժվար չստացվեց, քանի որ այս տարին ոչ միայն ինձ համար հաջող չէր, այլև՝ ակումբի: Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեմ, և նաև կա ժամանակ մտածելու համար»:
Մարկոս Պիզելին 2008 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: