ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն քննարկել են Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հետ կապված վերջին զարգացումները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:
«Քիչ առաջ Մայր Աթոռում հանդիպում ունեցա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Զրուցեցինք նաև Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումից։ Կարևոր հանդիպում էր»,- ասվում է գրառման մեջ։
Վերջին օրերին հայտնի դարձավ, որ առաջարկվում է դպրոցական ծրագրերից հանել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը: Առաջարկին կողմ է արտահայտվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է դասավանդել «Հայ ժողովրդի միասնական պատմություն»:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ մտադիր է օրինագիծ ներկայացնել՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագիտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ, ինչի առիթով Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ: