Բազել քաղաքում ընթանում է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական քառօրյա համաժողովը, որին մասնակցում է նաև նԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
Ինչպես փոխանցում են ՀՀ Առողջապահության նախարարությունից՝ համաժողովը համախմբել է եվրոպական երկրների ավելի քան 3000 գիտնականների, բժիշկների, կլինիցիստների և մասնագետների։ Լիագումար նիստերի, նստաշրջանների և սեմինարների ժամանակ ներկայացվել ու քննարկվել են հակառետրովիրուսային բուժմանը, զուգորդող հիվանդություններին, վիրուսային հեպատիտներին, կանանց, հղիների, երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի առանձնահատկություններին, համաճարակաբանությանը/հանրային առողջապահությանը, ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը և հասարակական գիտություններին վերաբերող մի շարք հարցեր:
Գրիգորյանը, որպես ԱՀԿ ժամանակավոր խորհրդատու, մասնակցել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցների վերանայմանն ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրերի փորձագետների հանդիպմանը: Փորձագետները քննարկել են ԱՀԿ վերջին ուղեցույցներն ու փոփոխությունները և իրենց երկրներում դրանց կիրառմանն առնչվող հարցեր: