Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է էմիրաթական Թավազուն («Tawazun») տնտեսական խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի գործադիր տնօրեն Թարեք ալ-Հոսանի գլխավորությամբ:
«Թավազուն» տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին՝ Աբու Դաբիում, և գործունեություն է ծավալում հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ողջունելի է համարել այն, որ արդեն իսկ կան համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Նա վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները սկիզբ կդառնան հետագա փոխգործակցության համար:
Խորհրդի գործադիր տնօրենը նշել է, որ այն, ինչ տեսել են հայաստանյան ինժեներական և նորարարական ընկերություններում, տպավորիչ է և լավ հիմք է ստեղծում հետագա գործընկերության համար:
«Մենք ակնկալում ենք երկարատև ու արդյունավետ համագործակցություն»,- ընդգծել է նա:
Զրուցակիցները խոսել են նորագույն տեխնոլոգիաների, կրթության, մասնավորապես՝ ուսանողների փոխանակման և գիտահետազոտական ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների մասին:
Այս համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրն, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով։
«Դա կստեղծի ճիշտ միջավայր և կօգնի սովորել խոշոր ընկերություններից»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը՝ առաջարկելով դիտարկել համագործակցության հնարավորությունները նաև այս ծրագրի շրջանակում։