«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը նվիրված էր մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկին՝ Կառլ Ջենկինսին։ Նա այսօր աշխարհում ամենապահանջված հեղինակներից մեկն է։ Ջենկինսի «Զինված մարդը. խաղաղության պատարագ» ստեղծագործությունը կատարվել է ավելի քան 2500 անգամ, 50 տարբեր երկրներում, այն պահից սկսած, երբ թողարկվել է դրա ձայնասկավառակը։
Ջենկինսի ձայնագրություններն արժանացել են ոսկե և պլատինե սկավառակի 17 մրցանակի։
Երևանյան հանդիսատեսը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ ունկնդրեց Ջենկինսի «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։ Համերգը ղեկավարում էր ինքը՝ հեղինակը։
«Ադիեմուսն» ունկնդիրներն առաջին անգամ վայելեցին 1995 թվականին, այնուհետև այն դարձավ համաշխարհային երևույթ։ Այս գործը դարձավ ռեժիսոր Հյու Հադսոնի նկարահանած «Delta Airlines»-ի գովազդային հոլովակի երաժշտությունը։ Այս ստեղծագործությունը յուրահատուկ է նրանով, որ դրանում օգտագործվում են էթնիկ հարվածային գործիքներ, իսկ տեքստը հորինված բառերի՝ ջազում գործածվող հնարքներ են։
Կառլ Ջենկինսը պատմել է, որ «Ադիեմուսը» նախապես գրված էր փոքր նվագախմբի և կանանց երգչախմբի համար։ Հետագայում, սակայն, սիմֆոնիկ էֆեկտ ստանալու համար նվագախմբում ավելացվել է փողային կազմ, երգչախմբում՝ տղամարդկանց վոկալ։ Երևանում հնչել է հենց այդ տարբերակը։
Նշենք, որ այսօր երեկոյան ամփոփվելու է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը՝ ներկայացնելով ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու արվեստը։ Համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։