ՀՀ Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 8-ին հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ հարկեր չվճարելու, գույքային վնաս պատճառելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող «Լ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ա. Պ.-ին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գլխավոր դատախազությունը հաղորդել էր նաև, որ ճոպանուղին շահագործող ընկերությունը պետությանը պատճառել է ավելի քան 476 միլիոն դրամի վնաս։ «Լ» ընկերությունը «Լեռնատուր» ՍՊԸ-ն է, իսկ նրա՝ ներկայում հետախուզվող տնօրենը Ասատուր Պողոսյանն է։
Հանրայինը քրեական գործի հարուցումից հետո անդրադարձել էր, թե ումից ում է անցել ճոպանուղին, և ովքեր են եղել ճոպանուղու հավատարմագրային կառավարիչ հանդիսացող ընկերության բաժնետերերը։
Պարզվում է՝ 2004 թվականին, կառավարության որոշմամբ, ճոպանուղին հանձնվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեին, իսկ կոմիտեն իր հերթին գույքը նվիրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (ՀԱՕԿ), որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է։ 2005-ին ՀԱՕԿ-ը ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել «Օլիմեն» ընկերությանը։ «Օլիմեն»-ը ճոպանուղին կառավարել է 4 տարի, որից հետո ՀԱՕԿ-ը փոխել է ճոպանուղու կառավարչին ու այն հավատարմագրային կառավարման է հանձնել «Լեռնատուր»-ին։
«Լեռնատուր»-ի բաժնեմասերի 50 տոկոսը ՀԱՕԿ-ինն է, մյուս 50 տոկոսը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Արկանզաս նահանգում գրանցված «Հեսպեր վենչըրս» ընկերությանը։
ԱՄՆ-ում գրանցված «Հեսպեր վենչըրս» ընկերությունից բացի՝ այս անվամբ ընկերություն կա գրանցված նաև Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում։ Այստեղ գրանցված ընկերության բաժնեմասերի առնվազն 75 տոկոսի սեփականատերը Սեդրակ Առուստամյանն է։ Վերջինս ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների կառավարիչն է և «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենը:
«Լեռնատուր»-ում ունեցած 50 տոկոս բաժնեմասը «Հեսպեր վենչըրս»-ը 2017-ին փոխանցել էր քաղաքացի Տիգրան Մանուկյանին, որը ևս Գագիկ Ծառուկյանի շրջապատից է. նա Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ», «Ֆարմ Ադամա» ընկերություններում տնօրեն է, բաժնեմաս ունի ավտոներմուծող «Մեգամոթորս»-ում։ Այլ կերպ ասած՝ ՀԱՕԿ-ը ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել իր նախագահի հետ փոխկապակցված անձանց և ընկերությունների։
Երբ Հանրայինը փորձել էր Ծառուկյանից ճշտել, թե ինչու՞ է հենց «Լեռնատուր»-ին հանձնվել ճոպանուղու կառավարումը, նա հայտարարել էր, որ «ինքն առնչություն չունի գործընթացին, բայց քանի որ ճոպանուղու հավաքմանն իրենք են մասնակցել, փորձ են ունեցել, կառավարումը հենց իրենց է հանձնվել»։
Ըստ Գլխավոր դատախազության՝ «Լեռնատուր»-ի տնօրենը չարաշահել է ՀԱՕԿ պատասխանատու անձանց վստահությունը, թաքցրել է հասույթի իրական չափերն ու ՀԱՕԿ-ին շահաբաժին պակաս է վճարել՝ պատճառելով մոտ 80 միլիոն դրամի գույքային վնաս։ Բացի այդ, ըստ դատախազության, Ասատուր Պողոսյանը ճոպանուղու տոմսավաճառներին հանձնարարել է ՀԴՄ կտրոններ չտրամադրել հաճախորդներին։
Հիշեցնենք, որ ճոպանուղու գործունեության վերաբերյալ Գլխավոր դատախազություն էր դիմել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ անհրաժեշտություն կա ճոպանուղին հետ վերցնել ՀԱՕԿ ենթակայությունից։