ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արքեպիսկոպոս Գալագերի այցը և՛ս մեկ կարևոր քայլ է համարել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև զարգացում ապրող երկկողմ հարաբերություններում:
«Հատկանշական է, որ իմ գործընկերոջ այցը համընկնում է իր պաշտոնավարման հնգամյա տարեդարձին․ հատկանշական է այն առումով, որ իր մեծ ավանդն ունի ինչպես հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների խորացման գործում, այնպես էլ առհասարակ միջազգային հարաբերություններում։
Ինչպես հայտնի է՝ թեև մեր պատմական առնչությունները և հարաբերությունները դարերի պատմություն ունեն, սակայն դրանք նոր լիցք ստացան ՀՀ անկախությունից ի վեր։
90-ականների սկզբին Հռոմի Պապ, այժմ՝ Սուրբ Հովհաննես Պողոսի կողմից Աշոցքի շրջանին, որպես նվիրատվություն, տրվեց «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը, որը գործում է մինչ օրս և սպասարկում է անվճար։
Հայաստանն ու Սուրբ Աթոռն ունեն նաև մշակութային բնագավառում համագործակցության հարուստ փորձ։
Հայ ժողովուրդը ջերմությամբ է հիշում Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ-ի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության` 2001թ. այցը Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ: Կարող եմ ասել, որ այդ այցով նաև հայ-վատիկանյան միջեկեղեցական հարաբերությունները որակական նոր փուլ թևակոխեցին:
Երկկողմ հարաբերություններում նշանակալի իրադարձություններից էին նաև 2015թ. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից հայ միջնադարյան հոգևորական, Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոս շնորհումը, ապա՝ Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը Վատիկանում 2018թ․։
Պետք է նշեմ, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը նաև Նորին Սրբության անձնական շահագրգռվածության արդյունքն է, որի համար մենք երախտապարտ ենք։ Կցանկանայի մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի շահագրգռվածությունը՝ խորացնելու հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ, որոնք հիմնված են ընդհանուր արժեհամակարգի ու միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա։
Բնականաբար, իմ գործըներոջ հետ անդրադարձանք միջազգային և տարածաշրջանային արդի հարցերին, փոխադարձաբար ներկայացրեցինք դրանց հասցեագրման ուղղությամբ մեր դիրքորոշումները և մոտեցումները:
Մեր քաղաքական օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության հարցերը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանումը։
Ես իմ գործընկերոջը ներկայացի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և այդ առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Որպես միջազգային հարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ, բնականաբար, անդրադարձ կատարեցինք նաև այդ օրակարգի շրջանակում ձեռնարկվող քայլերին:
Ընդգծեմ, որ պաշտոնական Երևանն ու հայ ժողովուրդը երախտապարտ է Հռոմի Սրբազան Քահանայապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանաշանակ ուղերձի համար: Այդ հանցագործության աներկբա դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության տեսակետից, այլև մեծ ներդրում է ապագա նմանօրինակ ոճիրների կանխարգելման և ազգերի ու պետությունների միջև հարատև համերաշխությանը հասնելու համար:
Առիթ ունեցա նաև իմ գործընկերոջը ներկայացնել Հայաստանի ներքաղաքական օրակարգը և Կառավարության բարեփոխումների աշխատանքը»,- հայտարարել է Մնացականյանը