2020-ին Արցախում կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, կլինի 2-րդ օպերատոր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: «Այդպիսով կունենանք սահմանամերձ գոտում պաշտպանված կապ և Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգի փաստացի վերացում։ Վերջին ամիսներին անցկացված հանդիպումներն ու խորհրդատվությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր։ Նման ծրագրի համար առկա են ներդրողներ և փորձառու մասնագետներ։ Ստեղծվել են հնարավորություններ՝ լուծելու հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի հետ կապված խնդիրը։ Հետամուտ եմ այդ գործին և ունեմ քաղաքական կամք՝ 2020 թվականին ապահովելու համապատասխան պայմաններ՝ հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհը հաղթահարելու և 2-րդ օպերատորի՝ Արցախ մուտք գործելու համար։
Կլինի առաջին հերթին՝ որակյալ ու ցածր գներով շարժական կապ։ Մրցակցությունը գործող օպերատորին կստիպի իր բաժանորդների համար նվազեցնել սակագները։ Ապա՝ ժամանակակից 4G/LTE ձևաչափով որակյալ և մատչելի շարժական համացանցի հասանելիություն։ Նոր աշխատատեղեր, առաջին հերթին՝ երիտասարդ մասնագետների համար»,- ասվում է գրառման մեջ։