Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիյի հետ և խնդրել է իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Ալի Մոհամմադ Մոթաղիյի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է փրկարարական ուժեր գործուղել աղետի գոտի, ինչպես նաև ցուցաբերել այլ անհրաժեշտ օժանդակություն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին, Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: