ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման սկզբում նախարար Պապիկյանը, ողջունելով զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությունը, առաջարկել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում մարզային նախագծերն ընդգրկելիս հաշվի առնել ոլորտային բազմազանությունը և տարածքային համաչափ զարգացման սկզբունքը, ինչը կխթանի ինչպես տուրիստական ներհոսքին տարբեր մարզեր, այնպես էլ տարածաշրջանների տնտեսական զարգացմանը:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ այն համարելով կոմիտեի և մարզերի միջև համագործակցության մեկնարկի լավ հնարավորություն:
Մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մարզերում զբոսաշրջային առումով գրավիչ թիրախային համայնքները, զբոսաշրջային ուղղությունների և ենթակառուցվածքների զարգացման առաջարկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջարկվող նախագծային փաթեթներն ուսումնասիրելու և դրանք ըստ նպատակահարմարության ծրագրում ընդգրկելու վերաբերյալ:
«Հիշեցնենք, որ մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ զբոսաշրջության կոմիտեի նախագահի կողմից մարզպետներին էր ներկայացվել ՀԲ-ի Մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի առնչությամբ նախարար Պապիկյանը հանձնարարել էր մարզպետներին ներկայացնել մրցունակ զբոսաշրջային նախագծեր՝ ծրագրում ընդգրկելու նպատակով: