Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), հոկտեմբերին պարենի համաշխարհային գները հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ աճ են գրանցել, քանի որ շաքարի և հիմնական հացահատիկային ապրանքատեսակների միջազգային գնառաջարկը զգալիորեն աճել է:
Արտահանման գները բարձր են եղել ցորենի, եգիպտացորենի, շաքարի և արմավենու յուղի
համար, և ցածր՝ պանրի, թռչնամսի և արևածաղկի ձեթի համար:
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հոկտեմբերին, միջին հաշվով կազմել է 172.7 նիշ, ինչը նախորդ ամսվա համեմատ բարձր է մոտ 1.7 տոկոսով, իսկ 2018 թվականի հոկտեմբերի ցուցանիշից՝ 6.0 տոկոսով:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 4.2 տոկոսով, ինչը պայմանավորված է ցորենի և եգիպտացորենի արտահանման գների կտրուկ աճով, ինչպես նաև մի քանի խոշոր արտադրող երկրներում բերքի նվազման հեռանկարով և առևտրային գործունեության աշխուժացմամբ: Ի հակառակ սրան, համեստ պահանջարկով և առատ բերքի հեռանկարով պայմանավորված, բրնձի գները նվազել են:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հոկտեմբերին աճել է 5.8 տոկոսով` հիմնականում պայմանավորված աշխարհում ամենաշատ շաքար արտադրող և արտահանող երկրներում՝ Հնդկաստանում և Թաիլանդում, արտադրանքի մեծ կրճատումներով: ՊԳԿ բուսայուղերի գնային ինդեքսը նույնպես բարձր է եղել՝ աճելով 0.5 տոկոսով` հասնելով մեկ տարվա ընթացքում առավելագույն մակարդակի: Արմավենու յուղի գնառաջարկը փոքր-ինչ աճել է, պայմանավորված Ինդոնեզիայում բիովառելիքի նոր մանդատով, ինչպես նաև ներմուծման կայուն պահանջարկով և արտադրանքի ակնկալվող քանակի նվազմամբ: Արևածաղկի ձեթի գնառաջարկը նվազել է՝ պայմանավորված Սևծովյան տարածաշրջանում ռեկորդային բերքով:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը աճել է 0.9 տոկոսով, ինչը հետևանք է խոշոր և մանր եղջերավոր անասունների ներկրման մեծ պահանջարկի, հատկապես Չինաստանից: Խոզի մսի գինը չափավոր աճ է գրանցել, իսկ թռչնամսինը նվազել՝ պայմանավորված արտահանման հնարավորությունների մեծացմամբ:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 0.7 տոկոսով, քանի որ պանրի բավականին ցածր գնառաջարկը ավելի քան փոխհատուցվում է անյուղ և չզտված կաթի փոշիների գնառաջարկի աճով: